«Կտեսնեք՝ ոնց կլինի դա». Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
Նորմալ է, որ որոշ մարդիկ դեռ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ:
Պատասխանելով Շիրակի մարզում իր ճանապարհը փակած մարդկանց «բոմժ» անվանելու մասին դիտարկմանը՝ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ, շահից ելնելով, այդ մարդիկ ընդդիմության դեմ խուժանություն են արել:
«Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը։ Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, քանի որ նրանց այդ մարդկանց հետ եմ համեմատել»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք շարժումն իր ֆորմատը փոխելու է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ինչո՞ւ պետք է փոխի։
Նա չի ընդունում նաև այն կարծիքները, թե պայքարը մաշվել է:
«Շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկան։ Ես լրագրողներից եմ լսում, թե խնդիրներ կան։ Դա հնարովի է»,- նկատեց նա՝ հավելելով, որ հրաժարական միևնույն է լինելու է։ Չի կարող այդ մարդը մնալ, այդպես չի լինի։
«Կտեսնեք՝ ոնց կլինի դա»,-ասաց նա: