Արցախում նախատեսում են ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ մարմնում՝ ՆԳՆ կազմում
Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ կայքից։
«Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
Քննարկվել են արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:
ԱՀ նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ներկայացրեց ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:
Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Օրենքի նախագծին տրվելէ դրական եզրակացութուն՝ 1 դեմ և 4 կողմ քվեարկության արդյունքով:
Օրակարգի 2-րդ հարցը «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Օրինագիծը ներկայացրել և դրա վերաբերյալ պարզաբանումներ է տվել ԱՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:
Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն»,- նշվում է հաղորդագրությունում։