Պատերազմում վիրավորված զինվորների համար սահմանվեց պրոթեզավորման նոր կարգ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս որոշումը բխում է վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով` գործող կարգավորումներով պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն համապատասխան հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, և գործող հավաստագրման ընկերությունների միջոցով ձեռք են բերվում պրոթեզավորում:
«Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Նոր կարգավորումով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում: Մասնավորապես, ներկայացվող ընթացակարգը ենթադրում է ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում արտերկրից հրավիրել մասնագետներ: Նաեւ տվյալ անձի միջավայրի՝ կեցավայրի, աշխատավայրի, գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ: Այնուհետեւ տրամադրված։ հավաստագրերի հիման վրա նորից այդ հանձնաժողովի վերահսկողության միջոցով կիրականացվի պրոթեզների տեղադրման գործընթացը: Առկա պրոթեզարանները, որոնք իրականացնելու են տեղադրումը, նրանց նկատմամբ չափանիշների փոփոխություն նույնպես նախատեսվում է՝ նոր մասնագետների ներգրավում, ուսուցում»,-ասաց նախարարը: