«Սո՜ֆ, տղուս վերջապես գտա ու փառքով հողին կհանձնեմ». Ցավակցում եմ Արսինե ջան, Էդգարդ տուն հասավ. Սոֆյա Հովսեփյանի գրառումը
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի ժամանակ զոհված զինվոր Էդգար Մարգարյան Հրաչյայի մոր՝ Արսինե Սահակյանի հետ կապված մի դրվագի։ Նա մասնավորապես գրել է․
«Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27 -ին, զանգահարեց ինձ Արսինե Սահակյան -ը:
-Սոֆյա ջան, ինչո՞վ օգնեմ, ասա ի՞նչ անեմ, պե՞տք է գամ ապրանքներ հավաքագրեմ կամ ի՜նչ ասես, իմացի՛ կողքդ եմ:
Հաջորդ օրը զանգահարեցին Արցախից և տեղեկացրեցին, որ հացթուխի կարիք կա:
Բնականաբար արագ հայտարարություն տարածեցի և չորս հոգի արձագանքեցին , որոնցից մեկն էլ Արսինեն էր: Գնաց Արցախ ու հաջորդ օրը զանգահարեց.
«Սո՜ֆ էնքան լավ մարդկանց հետ եմ եկել, չես պատկերացնում, կարգին, ուժեղ մարդիկ են... լսի՜, ամեն մի հացի գունդը դնելուց աղոթում, օրհնում ու զինվորներիս համար հաց ենք թխում, բա հո մեր էրեխեքը հացի կարիք չպիտի՞ ունենան, մայրական աղոթքով հաց եմ ուղարկում տղեքին, հուսով եմ Էդիս էլ կհասնի»:
Հոկտեմբերի 2֊ին զանգահարեցին և տեղեկացրեցին, որ Արսինեի տղան զոհվել է ու ես պետք է համոզեմ իրեն վերադառնա Երևան, քանի որ չէին ուզում այդ լուրը իրեն շուտ հայտնել:
Երկու օր առաջ կրկին զանգահարեց.
«Սո՜ֆ, տղուս վերջապես գտա ու փառքով հողին կհանձնեմ»:
Արսինե ջան, որքան ուժեղ ես ու դու էլ ես ապացուցում, թե որքան ուժ կա հայ կնոջ, հայ մոր ներսում: Ցավակցում եմ Արսինե ջան, Էդգարդ տուն հասավ: