Մեր ծառի արմատը` Արցախը, կտրել են, ու հիմա չորացող ծառի բունն են սղոցում՝ Սյունիքն են թուլացնում, ու մենք բոլորս նույն ծառի վրա ենք
Մի քիչ անձնական...
Էս օրերին ինձ շատերն են գրում։ Խոսում են երկար ու վերջում տողատակով կամ բացահայտ ինձ մեղադրում՝ փոխվել ես, չարացել ես։
Չեմ հերքում, ավելին՝ ընդունում եմ։ Այլ կերպ չեմ էլ կարող։ Ներեք ինձ։
Արցախն իմ չփակված վերքն է, արնահոսող։
Ի դեպ, հիմա էլ։
Ու չեմ հանձնվելու, ինչքան որ կապրեմ։
Դանակը մտցրել են իմ չփակված վերքն ու չեն հանել։ Ու էդ ցավն ամեն օր ինձ հետ է։
Իմ անձնական կորուստների մասին, որոնք ձերը չեն, համընդհանուր չեն, դուք երբեք չեք իմացել, չեք էլ իմանա։ Ատում եմ աղմկոտ ցավը։ Ես սովո՛ր եմ մենակ սգալ։ Ես սովորե՛լ եմ լուռ սգալ։ Վիշտս այլոց վզին չծանրացնել։
Ինձ սովորեցրե՛լ են...
Ու առաջին հերթին փնտրել ցավի «մեղքը» իմ մեջ։ Արդարացնել այլոց։ Ամեն գնով։ Որ չչարանամ։ Ինձ նեղացրել են, ես ժպտացել եմ, փորձել հարթել։ Ու էս քաղաքում քիչ մարդ կա, որ ինձնից նեղացած մնա։ Կամ հակառակը,
Հիմա չի ստացվում։ Էլ չի ստացվում։
Հիմա իմ ու մեր ծառի արմատը կտրել են՝ Արցախը կտրել են, ու մեր չորացող ծառի բունն են սղոցում՝ Սյունիքն են թուլացնում, ու մենք բոլորս նույն ծառի վրա ենք։ Վերևից, ցավոտ ու վերջնական տապալվելու ենք։
Ես չեմ կարող չտեսնել, որ մեր ծառը սղոցում են, իսկ ձեռքը, որ պիտի խանգարի սղոցողին, մատը մատին չի տալիս։ Թողնում է՝ մեր վերջին շիվերը չորանա։
Չչարանա՞մ։
Ինքնապահպանման բնազդս չաշխատի՞ գոնե։
Վերջին երկու ամսում ես առաջին անգամ բազմաթիվ կարմիր գծեր եմ հատել, ինքս ինձ համար սահմանած կարմիր գծեր՝ մարդկային, մասնագիտական։ Բազմաթիվ։ Բայց, մեծ հաշվով, էլ կորցնելու բան չունեմ։
Ու հա, չարացել եմ ու նեգատիվս շատ է։
Ցավի ոռնոց է։
Ցավից ոռնոց է։
Ներեք ինձ, մարդիկ։
Աստղիկ Հովհաննիսյանի