Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը (լուսանկար)

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատվամիջոցն իր հոդվածում գրել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատականն են ստացել:
«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ`Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցնում է Նախիջևանի միջով: Երկու երթուղիները ակտիվորեն օգտագործվում էին Խորհրդային Միության ժամանակ, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբով դրանք դադարեցին գոյություն ունենալ:
Այս տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժեց նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց իր գլխավոր դաշնակցի հետ ամենահուսալի ուղին, իսկ Ռուսաստանը`կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»,- նշում է «Կոմերսանտը»: