Արարատում տղամարդու դին արկղի մեջ գտել են ծալված վիճակում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45–ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա:
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտյա արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաեւ՝ ծխախոտի ծխուկ եւ ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վերքեր եւ կոտրվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դիակի, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի։