Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մասն էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան
Երկու տարուց ավել այս իշխանությունը ասում էր` բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու:
Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Այս պահին մեզ համար ամենաանվստահելի աղբյուրները պետական աղբյուրներն են, սա թողնենք մի կողմ: Իշխանությունը պարտավոր է մեզ տեղեկացնել, թե ինչի շուրջ են լինելու այդ բանակցությունները, կամ ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Շարունակում են գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,-ասաց Բաբայանը: