ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում է եղել նաև պաշտոնանկությունից հետո. Տիգրան Աբրահամյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում է եղել նաև պաշտոնանկությունից հետո: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Քյարայմանն Արցախում ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև հիմնականում եղել է Արցախի նախագահի նստավայրում.
«Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել, սակայն, ամեն դեպքում, ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանն ազատվել պաշտոնից։ Դա բավականին կարևոր տեղեկատվություն է»,-նշել է Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ մինչև այսօր պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու է Արցախի նախագահը հայտարարում, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է.
«Դա լուրջ սպառնալիք է, քանզի ԱԱԾ-ն պատասխանատու է մեր երկրի հասարակության, սահմանների անվտանգության համար: Իսկ այդ կառույցի նկատմամբ մեղադրանք է հնչեցվել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը: