Ի՞նչն ենք սխալ անում, որ տարբերվում է 2018-ի ակցիաներից. իրենց թույլ էիք տալիս, մեզ ո՞չ. Արա Սահակյանը՝ ոստիկանին
Ոստիկանները քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ճանապարհը փակած քաղաքացիներին ողջամիտ ժամկետ տվեցին պողոտան բացելու համար:
Այստեղ է նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ով դիմելով ոստիկաններին ասաց. «Պարոն ոստիկան, ի՞նչն ենք սխալ անում, որ տարբերվում է 2018 թվականի ակցիաներից: 2018-ին այս մարդիկ օրինական ճանապարհով, բոլոր հաղորդակցության ուղիները փակելով եկան իշխանության: Մենք նույն ձեւով անում ենք, դուք մեզ խորհուրդ տվեք, ինչն ենք սխալ անում: Կարո՞ղ է պետք է ինչ-որ համաձայնություն լիներ, ի՞նչ էր պետք: Թե՞ կարող է համաձայնություն կար Ղարաբաղը հանձնելու, տվեցիք իշխանությունը իրենց, որ ապականեն մեր 30 տարվա պատմությունը:
Փաստորեն իրենց թույլ էիք տալիս, մեզ թույլ չե՞ք տալիս: Մենք ասում ենք պարտված, ձախողված մարդը պետք է հեռանա: Ամոթ է, պատիվ պետք է ունենալ»:
Ակցիան շարունակվում է: Ոստիկանները մի պահ փորձեցին ազատել պողոտան, բայց չհաջողվեց: