Վերջին օրվա ընթացքում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ավելի քան 480 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր Երևանից ավտոբուսներով 488 փախստական է տեղափոխվել Ստեփանակերտ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելի քան 43 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը: