Գերիներն ասացին՝ հրաշքի նման էր, երբ ասացին՝ ինքնաթիռն ձեզ է սպասում, պատրաստվեք, գնում եք տուն. Ն. Զոհրաբյան
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Անի Սամսոնյանն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ադրբեջանական գերությունից վերադարձածներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը.
«Բոլոր տղաների հետ խոսեցինք, բոլորին լսեցինք՝ իրենց պատմությունները, թե ով երբ է գերի ընկել ու քանի օր է անցկացրել Բաքվի բանտում։ Կային զինվորներ, որ պատերազմի հենց առաջին օրերից են գերեվարվել ու պատմում էին, որ հրաշքի նման էր, երբ իրենց ասացին, որ ինքնաթիռն իրենց է սպասում՝ հայրենիք տեղափոխվելու համար։ Տղաները համալիր բժշկական և հոգեբանական ստուգում են անցնում հոսպիտալում, ունենք հրաշալի զինվորական բժիշկներ, նրանց այցելում են օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն ու հարազատները։
Շուտով բոլոր տղաները կլինեն տանը:
Հասկանալի պատճառներով տղաների հետ զրույցից շատ բան գրել չեմ կարող։
Գիտեք՝ սեպտեմբերի 27-ից պատերազմի բոթից, 44 օր տևած արյունալի մղձավանջից, ու այսօր էլ դեռ շարունակվող ողբերգությունից հետո, այսօր, երբ լսում էի տղաներին, ովքեր պատմում էին իրենց ապրումների մասին, երբ ասել են՝ պատրաստվեք, գնում եք տուն, դա մի աներևակայելի զգացողություն էր բոլորիս համար:
Մեր կռիվը դեռ ավարտված չէ, մենք դեռ բազմաթիվ գերիներ ու անհետ կորածներ ունենք, ենք դեռ մեր հայրենիքի սահմանները թուրքին GPS-ով չզիջելու խնդիր ունենք, մենք դեռ մեր երկրում ադեկվատ ու թրքամերժ իշխանություն ձևավորելու խնդիր ունենք։ Ու անելու ենք։
Հուսանք, որ գերության մեջ գտնվող մյուս ռազմագերիները ևս կհասնեն տուն»,- գրել է Զոհրաբյանը: