Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը
Օտար երկրների եւ Հայաստանի հեղինակավոր գիտհաստատությունների, համալսարանների մի խումբ հայ գիտնականներ և գիտաշխատողներ՝ մտահոգ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ, պահանջում են Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։
«Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի եւ նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլեւ նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետեւանքների պատճառ է դառնում»,- ծանուցում է գիտնականների հայտարարությունը՝ նշելով նաև, որ իրենցից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը, հանդես եկել այդ մասին հայտարարությամբ, սակայն «իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլեւ վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ եւ ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ»։