ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի է ունեցել անհայտ հիվանդության բռնկում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել է 593 մարդ:
Այդ մասին հաղորդել է Times Now հեռուստաալիքը: Անհայտ հիվանդության բռնկումը Էլուրու քաղաքում եւ նրա արվարձաններում սկսվել է անցած կիրակի օրը:
Հիվանդության ախտանշաններն են՝ ընկնավորության նոպաները՝ երեքից հինգ րոպե տեւողությամբ, հիշողության կորուստը՝ մի քանի րոպե տեւողությամբ, հանկարծակի ուշաթափությունները, գլխացավը եւ ցավը մեջքի շրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք էին ուղարկվել բժիշկների բրիգադներ՝ Սննդի ազգային ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից եւ Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտից: