Մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը հրաժարական տա եւ հեռանա. Իշխան Սաղաթելյան
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ Ազատության հրապարակից «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ:
«Այդ պահանջը հետեւյալն է. մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:
Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: