256 հազար դրամ՝ շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ դասավորելու և վարչապետի աշխատակազմում խայտառակվելու համար
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է մրցույթի մասին՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց բացի, աշխատանքի համար դիմողները պետք է նաև թեստ լրացնեն։
Թեստի տևողությունը 90 րոպե է, որի ընթացքում, ըստ ձևանմուշի, դիմորդը պետք է պատասխանի 4 հարցի։
Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ այս թեստի հարցերին կարող են պատասխանել ամենատարրական գիտելիքների տեր մարդիկ։ Թեստում, ըստ էության, հարցեր են, որոնք ոչ թե վարչապետի աշխատակազմի, այլ մանկապարտեզից դպրոց ընդունվող դիմորդի համար են մատչելի։
Սա, իհարկե, մեղմ նկարագրությամբ։ Իսկ իրականում, մարդ պետք է պարզապես, մեղմ ասած, մտավոր հետամնաց լինի, որպեսզի չկարողանա պատասխանել հարցին, թե օրինակ շաբաթը որ օրից է սկսում․․․
Այս և սրա նման ևս 3 հարցի պատասխանելով՝ ցանկացած մեկը կարող է անցնել աշխատանքի վարչապետի աշխատակազմում և ստանալ, ուշադրություն, 256 հազար դրամ։
Իհարկե, դիմորդը պետք է ունենա որոշ անձնական որակներ, որոնք նշված է հայտարարության մեջ։ Նշված պաշտոնին հավակնող անձը, պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Բայց եկեք խոստովանենք․․․ ոչ մի իրեն հարգող բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում ունեցող անձ, նման ցածրորակ չափանիշներով անցկացվող թեստային մրցույթին չի մասնակցի ու առավելևս կգիտակցի, որ նույնիսկ իրեն առաջարկվող գումարը կրկնապատկելու դեպքում, չարժե խայտառակել իրեն ու գցել իր հեղինակությունը։