Ինչու է ստում համայնքապետը. ադրբեջանցիները օգտվում են ոչ միայն Վարդենիսի, այլև Ստեփանակերտի խանութներից, ավելին՝ նրանք գերիներ են վերցնում
Newspress.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի խանութներից մեկում ադրբեջանցիները մտել են առևտուր անելու։ Տեղեկությունը մեզ փոխանցած անձի ինքնությունը չենք բացահայտում` իր իսկ անվտանգության համար (առկա է ձայնագրություն)։
Մեր հրապարակումը, բնական է, անհանգստություն էր առաջացրել հասարակության շրջանում, իսկ ոմանք պարզապես նկատում էին, թե սա կարող է խուճապ առաջացնել։
Չենք հերքում` իրավիճակը հնարավոր է՝ խուճապային է, սակայն սա այն իրականությունն է, որի մեջ ու որի հետ ապրում ենք։ Իհարկե, կարելի է աչք փակել, և ժողովրդին հանգստացնելու համար ասել, թե նման բան չկա, ինչպես օրինակ դա արել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։
Armdaily.am-ի հարցին ի պատասխան, նա ասել է, թե «Իրենք իրենց սահմանները գիտեն, առաջ չեն գալիս։ Մենք էլ՝ վարդենիսցիներով, հարակից գյուղերի բնակիչներով սահմանին ենք ՊՆ-ի հետ միասին։ Ես էլ այս պահին սահմանին եմ»:
Դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով և ականատեսներ եղել են...
Պարզապես մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք այն իրականության հետ, որտեղ թուրքերը մեր կողքին կարող են այցելել խանութ, օրինակ նույնիսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ինչպես դա եղել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Եթե սա իրականություն չէ, ապա ինչպե՞ս են ադրբեջանցիները հայ քաղաքացիներին գերեվարում ու տանջում նրանց։ Դեռ այսօր էլ նրանք գերիներ են վերցնում ու դաժանորեն մորթում նրանց:
Բավական է կտրվեք իրականությունից․․․
Թեթև ակնարկով նաև մեկ այլ հրապարակման մասին, որտեղ տեղեկացրել էինք, որ օրերս Լաչինի հատվածում ադրբեջանցիները գերեվարել են ֆուռով օգնություն տանող 3 անձի: Ավելին՝ երեկվանից ռուս խաղաղապահներն արգելել են օգնություններ ուղարկել Արցախի դիրքերում գտնվող հայ զինվորներին:
Ըստ նրանց մեկնաբանության՝ դա համարվում է պատերազմի հրահրման հանգամանք:
Սա է իրականությունը: