Դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք անձամբ մեղավոր եք. կադրեր Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի հայ համայնքի հանդիպումից. News.am
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե նախագահի հանդիպումը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ անցել է լարված մթնոլորտում:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել էր այդ լուրերը՝ անվանելով դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։
News.am-ը հրապարակել է մի հատված վերը նշված հանդիպումից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասում է. «Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռավալ»։ Դա նաեւ Ձեր մեղքն է։
2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական ինստիտուտները։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կներեք, բայց կողքից այդպես էր թվում։ Ցանկացած հայ հիմա դա իրավունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատվող հերոսներին, ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին եւ հերոսներին, համենայն դեպս դա չեղավ մասսայական։ Դուք ասում եք, որ չեք իմացել նման պայմանագրի ստորագրության մասին, դա նույնպես Ձեր անգործության արդյունքն է։ Դա իրականություն է, դա արդարացում չէ։ Ինչպե՞ս կարող է պետության նախագահը, որը ինքն է պարտականություն կրում Սահմանադրության եւ պետական տարածքների կայունության համար, ներկա դրությամբ կանգնի եւ նման արդարացում ման գա։ Ես հուզված եմ, որովհետեւ դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք մեղավոր եք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել ինչպես եք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունեք»։