5 շրջանները Ադրբեջանի հսկողության տակ են՝ անհետ կորածների համար չենք կարող բանակցել. դիմեք Ռուսասատանին. Փաշինյանը՝ ծնողներին
Անհետ կորած զինծառայողների հարազատները դիմել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ իրենց զավակների խնդրով զբաղվելու համար:
«Մենք այդ նամակներով խնդրում ենք գտնել մեր 34 երեխաներին»,- ասել են ծնողները՝ լրագրողների հետ զրուցյում:
Նրանք վստահեցնում են, որ զինծառայողները Զանգելանի շրջանում թշնամու կողմից շրջափակման մեջ են ընկել: Երբ այս խնդրով զինծառայողների հարազատները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինս տառացիորեն ասել է, որ ինքն ի զորու չէ այս հարցը լուծել:
Նա ասել է, որ այդ 5 շրջանները Ադրբեջանի հսկողության տակ են, ոչ մի ձև չեն կարողանում բանակցություններ վարել, մնում է օգնի երրորդ պետությունը:
Նրանք համոզված են, որ այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին նաև, ըստ հարազատների, Փաշինյանն է ասել:
«Արդեն 40 օր սպասում ենք, Հայաստանից ոչ մի օգնություն չկա: Սպասում ենք Ռուսաստանին, միակ հույսը դա է»,- ընդգծեց ծնողներից մեկը:
Ծնողներն ասացին, որ տեսանյութեր են տեսել, այդ խմբից արդեն 6-7 հոգի գերեվարվել են: Կան ծնողներ, ովքեր ասում են՝ տեղեկություն ունեն, որ իրենց տղաները զոհվել են, նաև անտառներում թաքնվողներ կան:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ինքը տեսել է ադրբեջանական տեսանյութերից մեկում գերեվարվածների մեջ իր եղբորը, ձեռքերը կապված, հրելով, խփելով տանում են:
«Գոնե երաշխիք լինի, որ նրանց կյանքին, առողջությանը վտանգ չի սպառնա: Մենք միայն պահանջում ենք այն, ինչ եռակողմ հայտարարության մեջ նշված է»,- նշեց ակցիայի մասնակիցը: