Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
Մենք գեներալի կողմից պաշտոնապես հավաստիացումներ ստացանք, որ սահմանն ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ, մենք արդեն դիրքավորվել ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի տարածք ադրբեջանական զինուժի մտնելու հետեւանքով առաջացած խնդիրներին։
«Նախկինում մենք մի փոքր այլ դիքերում էինք եղել, իսկ հիմա շտկվել է եւ այնպես չէ, որ դիրք ենք զիջել։ Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը եւ պաշտպանում ենք ավելի հոծ թվով զինվորականներով։ Ես հետաքրքրվեցի, թե ինչպեչս է ստացվել, որ մենք մի քանի հոգով էինք, իսկ իրենք շատ են եղել, 100-ից ավելի հոգով եկել են ու կուլտուրական փորձել են ներխուժել, ինձ պարզաբանեցին, որ քանի որ մենք դիրքավորված ենք եղել, դրա կարիքը չի եղել եւ մենք չենք մտածել, որ իրենք կգան եւ այդպիսի իրավիճակ կլինի։ Հիմա փոխհամաձայնության են եկել, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի հետ, զինվորական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմը պահպանելու է Հայաստանի պետական սահմանը, իրենք էլ արդեն լինելու են իրենց դիրքերում»,- նշեց նա։
Պատգամավորի փոխանցմամբ՝ հանքի շահագործման վերաբերյալ զինվորականները տեղեկություն չեն ունեցել, քանի որ դա իրենց իրավասության ներքո չի եղել։
«Այնուամենայնիվ, իրենք հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա, որպեսզի ամբողջ ծավալով հանքը շահագործվի»,- ասաց Թովմասյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե բանակցությունները շարունակվելո՞ւ են, թե զինվորական պայմանավորվածությունը ենթադրում է, որ բանակցություններն ավարտված են։ Ի պատասխան Թագուհի Թովմասյանն ասաց, որ այլեւս Սոթքի մասով բանակցություններ չեն լինելու։
Պատգամավորին հավաստիացրել են, որ մեր բանակը կկարողանա ամբողջությամբ պաշտպանել հանքի աշխատողների անվտանգությունը։
«Մնում է, որ այդ պայմանավորվածության մասին հայտարարի ռուսական կողմը, որովհետեւ այդ կապիտալը ռուսական է»,- նշեց նա։
Հարցին, թե Սոթքի եւ հարակից տարածքների բնակիչները պաշտպանվա՞ծ են, Թովմասյանը պատասխանեց․
«Ես հասկացա, որ մեր դիրքերը բավական ամուր են եւ մենք բավականին մեծ թվով զինվորականներով, մարտական ոգով սահմանները պաշտպանում ենք»։
News.am