Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց իշխանությունը ներկայացնող խմբակցությունից, թե վստահում են ռուս խաղաղապահներին, ապա ինչու չեն հանում ռազմական դրությունը:
«Արդյո՞ք իշխանությունը չի վստահում ՌԴ-ին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի և մյուս պաշտոնատար անձանց»,-հարցրեց Ուրիխանյանը:
Պատասխանելով պատգամավորի հարցին, ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց, որ հարցը չի տեղավորվում քննարկվող՝ «Ռազմական դրությունը վերացնելու» մասին որոշման նախագծի շրջանակում։
«Երեկ ԳՇ ներկայացուցիչը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ մենք դեռ ունենք լուծելիք հարցեր՝ կապված անվտանգության հետ։ Մասնավորապես՝ շուրջ 520 կմ սահմանի պաշտպանության պատշաճ հերթափոխի կազմակերպում և այլ հարցեր։ Համապատասխան դրույթների մշակումից և կառավարությանը ներկայացնելուց հետո, ըստ ԳՇ-ի, ռազմական դրության գործողությունը կդառնա անիմաստ»,- ասաց Արեն Մկրտչյանը։
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանը կրկին հնչեցրեց իր հարցը՝ արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ ռազմական դրության վերացումից հետո կարող է հանկարծ ռազմական գործողությունների շարունակություն լինել. «Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել երկրում քաղաքական գործունեությունը»։
Արեն Մկրտչյանը կրկնեց իր տեսակետը, ըստ էության հստակ չպատասխանելով Ուրիխանյանի հարցին: