Արցախցիները պետք է վերադառնան տուն. ինչ ծրագրեր է նախատեսել կառավարությունը
Արցախցիներին աջակցելու 2 ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը;
Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են միջոցառման շահառու լինել: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում բնակավայրից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնենք հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,-ասաց նա և հայտնեց, որ առաջիկայում աջակցության ծրագրերը կշարունակվեն:
«Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի»,-ասաց նա: