«Իմ նկատմամբ սադրանք է եղել»․ Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքով․ VIDEO
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց իր հետ տեղի ունեցած միջադեպը, ինչի արդյունքում ինքը բերման է ենթարկվել:
«Ես կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց: Ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մենք բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում, քրեական անցյալ ունեցող մեկն էր և նա ոստիկանների մեջ կանգնած էր, դեպի Տիգրան Մեծի պողոտայի կողմը: Երբ որ անցնում էի, բավականին ագրեսիվ ձևով ասաց՝ իմ գործն ի՞նչ եղավ: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործո՞վ ես զբաղվում, և նա ամենախայտառակ հայհոյանքները տեղաց և′ Ղարաբաղի հասցեին, և′ իմ հասցեին: Ես զայրացած շուռ եկա, ասացի՝ էդ ի՞նձ էիր ասում: Հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ շատ կոպիտ ձևով: Այդ ժամանակ եկան քաղաքացիներն ու ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց»,- ասաց Իշխանյանը:
Նա նշեց, որ ոստիկանության բերման ենթարկելու որոշման մեջ նշված է, որ ինքը բերման է ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքով:
Իշխանյանը հարց ուղղեց, թե ի՞նչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած, երրորդը, ըստ Իշխանյանի, միջադեպը սադրանք էր, անձամբ իր նկատմամբ:
«Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նաև ինձ է վերաբերում այդ զգուշացումը, որ հավանաբար այդպիսի սադրանքներ նույնպես կլինեն և պետք է զգույշ լինենք»,- ասաց նա: