Անհայտ կորածների հարազատների ուժը Փաշինյանը կփորձի ջարդել
Անհայտ կորած հարյուրավոր զինծառայողների հարազատներ պետությունից պահանջում են իրենց երեխաներին՝ կենդանի կամ ոչ։
Ծնողներն արդեն մի քանի օր է՝ հավաքվում են պաշտպանության նախարարության բակում ու պահանջում հանդիպում պաշտոնյաների՝ այդ թվում նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը հեռացավ ու դեռ պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ այդ մասին անգամ խոսք չկա։
Իրենց զավակներից 40-50 օր ոչ մի լուր չունեցողներին պատկան կառույցները հորդորում են մի փոքր էլ սպասել, բացատրում, որ աշխատանքներ են կատարվում, սակայն մի բան ակնհայտ է՝ բացատրությունները էլ չեն հետաքրքրում մարդանց, դրանցով էլ հնարավոր չէ ժամանակ շահել, պատասխան տալու պահը մոտենում է ու այդ պահը հնարավորինս հեռացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համաձայնել է ընդոնել անհայտ կորած զինվորների հարազատներին։
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ամեն օր ընդունել 25-ական մարդու, թեև ցույց անողները բոլորն էլ նույն պահանջով են ցույց անում։ Ու ինչ է սա, եթե ոչ ժամանակի ձգձգում՝ ինչ է նշանակում ամեն օր կընդունեմ 25-30 մարդու, ինչ է թե կորոնավիրուս է, իսկ երբ Ազգային ժողովում Իմ քայլի 80 պատգամավորի հետ միանգամից հանդիում էիր, այն ժամանակ կորոնավիրուսը չկա՞ր, թե այն ժամանակ դահլիճներ գտնվում էին։
Ակնհայտ է, որ Փաշինյանը ամեն օր 25 հոգու հետ հանդիպելու պատրաստակամությամբ փորձելու է փափուկ բարձ դնել ծնողների ու հարազատների գլխի տակ, տալ բացատրութւյուններ ու ցրել այն հավաքական ուժը, որոնք այսօր ներկայացնում են այդ մարդիկ։ Նպատակ է դրված ոչ թե գտնել անհայտ կորած մեր հայորդիներին, այլ ընդամենը լռեցնել ծնողների զայրույթը, որը ցանկացած պահի կարող է «պայթել» ու շատ ավելի ուժգին, քան Ազատության հրապարակում տեղի ունեցող «պայթյուններն» են։
Մի մարդ, որ պատերազմի 44 օրերի ընթացքում չի մտածել զինվորի մասին, ստորագրել է մի փաստաթուղթ, որով այդ նույն զինվորի արյունով գծված քարտեզից անտեղյակ անգամ Հայաստանից է տարածք նվիրել Ադրբեջանին, հիմա ինչպե՞ս կարող է հետաքրքրվել գերի ընկած կամ անհայտ կորած զինվորի ճակատագրով։
Ակնհայտ է, որ Փաշինյանը նպատակ է դրել լռեցնել իրենց ցավի մասին գոռացող ծնողներին ու դա անել իր նախընտրելի մեթոդներով՝ մանիպուլյացիաներով ու խաբեությամբ ու հենց այստեղ է, որ պետք է ասել՝ չփորձես ցավն օգտագործել աթոռդ պահելու, արյունը՝ իշխանատենչ փառասիրությունդ բավարարելու համար։
NewsPress.am