Փաշինյանն առաջին մի քանի օրը չի էլ խոսել ՌԴ նախագահի հետ, ասել է՝ «մունաթի տակ չմնամ». Մանուկյան
«Երկիրը, ժողովուրդը չի պարտվել, բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական այս իշխանությունը»: Լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ առանց Ռուսաստանի դեմ գնալու հնարավոր է փոփոխություններ անել հայտարարությունում, խոսքը չի գնում այդ փաստաթղթի չեղարկման մասին, բայց շատ չհստակեցված կետեր կան, օրինակ՝ արձանագրված չէ, թե ինչպես է լինելու Հադրութի շրջանը, Քարին տակը, այդ թղթում որևէ բառ չկա, թե Սյունիքի և Ադրբեջանի սահմանագծումն ինչպես է լինելու։
«Խաղաղապահների տեղակայումը խիստ անհրաժետ է, խաղաղապահների մնալն անվտանգության նկատառումներով, հատկապես Արցախի, խիստ անհրաժեշտ է։ Ավելին՝ վստահ եմ, շատ ավելի փակագծեր են բացվելու։ Նիկոլ Փաշինյանին կուսակցությունների առաջին հանդիպմանը եղել է առաջարկ՝ կապվել Ռուսաստանի նախագահի հետ։ Առաջին մի քանի օրը չի էլ խոսել ՌԴ նախագահի հետ, ասել է՝ «մունաթի տակ չմնամ»։
Ավելի լավ չէր մունաթի տակ մնար, քան երկիրը հասցներ այս վիճակին», - ասաց Գեղամ Մանուկյանը։