Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Շաքե Իսայանը պատասխանել է Սոֆյա Հովսեփյանին
Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը, որում նա ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին մեղադրում է անգործության մեջ։
«Կարդացի Սոֆյա Հովսեփյան-ի գրառումը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասով:
Տիկին Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:
Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում կարծում եմ նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում:
Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է...
Հ.Գ.1. Իսկ առհասարակ, թիմի քաղաքական պատասխանատվությունը Հայրենիքին հասված անդառնալի վնասի համար կիսելը արտահայտվում է կոնկրետ գործողությամբ՝ ինչպես գյումրեցու թասիբով դա արեց Gayane Abrahamyan-ը»,– գրել է նա: