Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Կողմերը կարեւորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման եւ փոխանակման աշխատանքները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ եւ Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) եւ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը եւ պարգեւները: