Եթե նպատակ եք հետապնդում վերացնել պարգեւավճարը, ապա դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է. ինչո՞ւ պետք է հրաժարվեինք. ՊԵԿ նախագահ
Պարգեւավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգեւավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգեւավճարների ֆոնդը որքան է կազմում:
«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են եւ պարգեւավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասել է Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգեւավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրամին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանել է, թե իրենց ջանքերով գումարներ հավաքագրվել և փոխանցվել է հիմնադրամներին։
Ճշտող հարցին, թե հրաժարվե՞լ են պարգեւավճարներից` արձագանքել է. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»: