Ազգային ժողովի նիստը չկայացավ` քվորում չկար. Կառավարության բոլոր անդամներն էլ գերծանրաբեռնված են
Ազգային ժողովի այսօր նախատեսված նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Իմ քայլում» կա որոշում, որ կառավարության անդամները չգան նախատեսված հարցուպատասխանին և քվորում չլինի։
«Կարծում եմ` կարևոր է, որ կառավարությունը գա հարցուպատասխանի, քանի որ բավականին հարցեր կան, որ գաղտնիք չեն պարունակում։ Օրինակ, կառավարությունը հայտարարել է, որ Արցախից 90 000 փախստական ունենք, կորոնավիրուսի վիճակը լարված է, տնտեսությանն առնչվող հարցեր կան»,–ասաց Մարուքյանը։
Ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության ղելավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ, այո, խմբակցությունում նման որոշում է կայացվել` հարցուպատասխանը չի կայանա։
«Կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշել է այս շաբաթ կառավարությանը չծանրաբեռնի լրացուցիչ։ Խոսքը միայն ընթացիկ շաբաթվա մասին է»,–ասաց Մակունցը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ հայտնեց, որ եթե 4 ժամվա ընթացքում նորից քվորում չլինի՝ կանցնեն արտահերթ նիստին։