Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական ուղղվածությունը։
Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով Agence France Presse գործակալությանը, Փարիզից հայտնել են, որ խորհրդակցությունների համար հետ են կանչում Անկարայում իրենց դեսպանին:
«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Անզուսպ դրսևորումն ու կոպտությունը եղանակ չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղղությունը, քանի որ այն վտանգավոր է ամեն առումներով», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի։ Նա այս կերպ արձագանքել է իսլամի մասին Մակրոնի արտահայտություններին։ Էրդողանի խոսքով, «իսլամի նկատմամբ թշնամանքի դրսևորումը Թուրքիայի նկատմամբ թշնամանքի դրսևորում է» և «մուսուլմանների նկատմամբ նման իրավախախտումները վկայում են, որ եվրոպական ֆաշիզմը տեղափոխվում է նոր մակարդակի վրա»։–0–