Ադրբեջանը փորձում է խաթարել Արցախի և Հայաստանի միջև հաղորդակցությունը. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը կրակի տակ է պահում Արցախի և Հայաստանի հանրապետություններն իրար կապող ճանապարհը։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի մեկնաբանմամբ, այդ կերպ Ադրբեջանը փորձում է խաթարել երկու հանրապետությունների միջև հաղորդակցությունը։
Նա ճեպազրույցի ժամանակ նկատեց, որ Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը։
«Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորում է հատկապես Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Մասնավորապես` երեկ էլ հրետանային միջոցներով թիրախավորել են Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս իրենց միտումը, որ փորձում են Արցախի և Հայաստանի հանրապետություններն իրար կապող այս ճանապարհը ինչ–որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի ինչ–որ ձևով խաթարեն երկու հանրապետությունների միջև հաղորդակցությունը, ինչը հումանիտար մեծ նշանակություն ունի»,– ասաց Բեգլարյանը։