Շուշիում օրհնվել է գաթան ու բաժանվել մարդկանց` որպես ընծայաբերում. Աստված պահապան Հայ զինվորին. Լուսանկարներ
Շուշիի բնակչուհի Նարինե Ավանեսյանը (Գրիգորյան) յուրովի մոտեցում է ցուցաբերել Աստծո հայ ազգին ողորմությանն արժանացնելու համար։ Նարինեն այն մարդկանցից է, ով չի հեռացել հայրենի Շուշիից։ Նա թաքստոցներում պատսպարված կանանց ու երեխաների օրն ամեն անգամ փորձում է լցնել մի նորարարությամբ, որպեսզի փոքր֊ինչ սփոփի ու ամոքի նրանց։ Թեև ինքն էլ ծանր զգացողություններ ունի, բայց մարտական է ու կարողանում է ոգեշնչել։
Հարկ է նկատել նաև, որ առաջնագծում նրա 2 որդիներն են։
Ձեռքի տակ այլ բան չունենալով, Նարինեն որոշել է Աստծուն ընծայաբերել իր թխած գաթան։ Բոկոտն մտնելով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի ու աղոթելով առ Աստված, նա օրհնել է տվել գաթան ու բաժանել բոլոր անցորդներին։
«Բացի կենդանուց, ցանկացած ընծայաբերում մատաղ է և ընդունելի է` հաց, ուտեստ, հագուստ, շինություն, դրամական նվեր և որևէ բարեգործություն:
Այսօրվա իմ Մատաղի հիմնական իմաստը ողորմությունն է...
Աստված պահապան Հայ զինվորին և ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ»,-գրել է Նարինե Գրիգորյանը: