Միաժամանակ օդում եղել է 1000-ից ավելի թռչող սարք. մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։ Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։ ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։
Հովհաննիսյանի մոտավոր հաշվարկներով` առաջին հարվածային ալիքը, որի ժամանակ հակառակորդը հարվածներ է հասցրել միայն ԱԹՍ-ներով և մեծ հրթիռային միջոցներով, միաժամանակ օդում եղել է 1000-ից ավելի թռչող սարք:
Լրագրողի դիտարկմանը, թե նկարագրություններից հետո հարց է ծագում թե ո՞նց ենք մենք դիմանում, Հովհաննիսյանն ասաց. «Բա հենց խնդիրը սա է. զինվորական գործից հասկացող մասնագետները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը և շատ հաճախ տեղ-տեղ մեր հակահարձակումները դա զուտ դատարկ խոսքեր չեն, որ ես ասում եմ՝ հերոսություն է անում մեր բանակը: Դրանք դատարկ խոսքեր չեն: Ռազմական գիտության գլուխգործոցներ են մեր բանակի կողմից իրականացվում»: