ԱԳՆ․ Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կկանչեն խորհրդակցության համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։ «Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», - ասել է նա` պատասխանելով իսրայելական կողմի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։