Զոհվել չկա, տղերք, պայքարեք մինչև վերջ. փոքրիկներն օգնություն են ուղարկում զինվորներին (ֆոտո, վիդեո)
Երևանի Հարավ-արևմտյան Բ4 թաղամասի մի խումբ բնակիչներ, մեծամասամբ երեխաների «գլխավորությամբ» որոշել են ինքնակազմակերպվել ու օգնություն ուղարկել Արցախ՝ թշնամու դեմ ամեն րոպե կռվող զինվորներին:
Օգնություն ուղարկողները համեստորեն չէին ուզում ոչ ներկայանալ, ոչ էլ կադրում երևալ: Մեր զրուցակիցը, ով ևս չցանկացավ ներկայանալ, մի փոքր պատմեց, թե ինչ է իրենից ներկայացնում աջակցությունը՝ դեղորայք, ջուր, ծխախոտ, առաջին անհրաժեշտության չփչացող այլ իրեր: Ինչ վերաբերում է հացին, ապա դա էլ ապահովել էր տարածքում գտնվող հաց փռերից մեկը:
Մեծերը լռում էին, փոխարենն ակտիվ էին փոքրիկները. միաբերան պնդում էին, որ իրենք էլ են անպայման ծառայելու հայրենիքին:
Փոքրիկ Ալենը, ձեռքը բռունցք արած, մաղթեց, որ զինվորներն ուժեղ լինեն ու հաղթեն կռվում:
Մեկ այլ փոքրիկ էլ մաղթեց, որ զինվորները չվախենան թուրքերից, իսկ երրորդ փոքրիկի մաղթանքն ամենահուզիչն էր՝ զոհվել չկա, տղերք, պայքարեք մինչև վերջ, մինչև հաղթենք: