Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը և նշեց, որ այդ բնակարանների բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներում՝ մինչև նրանց բնակարանային խնդրի լուծումը:
«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքիների հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսը և կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները»,-ասաց Արմեն Ղուլարյանը և նշեց, որ շուկայական միջինացված գնի տվյալները կազմել է քառակուսի մետը՝ 330 հազար դրամ:
Պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական նախարարությանը կտրամադրվի 182 միլիոն դրամ: Արմեն Ղուլարյանը նշեց, որ եթե բնակիչները ավելի ցածր արժեքով բնակարան կարող են ձեռք բերել, գումարի տարբերությունը կմնա աջակցություն ստացողին, և նա այդ գումարը կտնօրինի իր հայեցողությամբ, իսկ ավելի բարձր արժեքով բնակարանի դեպքում, ձեռք բերողը իր միջոցներով պետք է տարբերությունը լրացնի: Նա ասաց, որ հիփոթեկային վարկի տարբերակով ևս կարող են ձեռք բերել, և գումարը` որպես կանխավճար կփոխանցվի: