Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ է սահմանել (տեսանյութ)
Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտուր իրականացնելու թույլատրելի վայրերը: Այս մասին հայտնում են Երևանքի քաղաքապետարանից։
«ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքով առևտրի տեսակների մեջ նախատեսված է նաև շրջածախ առևտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նոր նախագծի վերաբերյալ Երևանի ավագանու անդամների կարծիքները տարբեր են, այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ քվեարկեց։
Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ շրջածախ առևտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:
Շրջածախ առևտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից: