Փաշինյանը երկու տարի ուշացումով նոր միայն սկսել է հասկանալ մի բացասական ճշմարտություն. Հայկ Մարտիրոսյան
Համատարած և ամենուր առկա տապալումների ֆոնին Փաշինյանը երկու տարի ուշացումով նոր միայն սկսել է հասկանալ մի բացասական ճշմարտություն. Եթե ժողովրդի ուսերի վրա գալիս ես իշխանության ու խոստումներդ չես կատարում` քեզ մնում է դիմել միայն բռնության և բռնատիրության հաստատման` իշխանությունը պահելու համար: Հակառակ պարագայում դու կորցնում ես իշխանությունը: Եվ ոչ միայն:
Ու քանի որ հայաստանյան խաբեբա տգիտապետությունը հընթացս է քաղաքականություն և կառավարում սովորում` իշխանության գագաթին կանգնած պոպուլիստն այդ հանգամանքը նոր է իր համար բացահայտում:
Եվ բացահայտելուն պես` անցնում է գործողությունների: Եվ հիմա սկսվում է իրական, նախկին ռեժիմի հետ կապ չունեցած և չունեցող ընդդիմության ու ընդդիմադիրների քաղաքական հետապնդումների այլևս բացահայտ փուլ: Ու մինչդեռ քաղաքական պատվերներն առավել մեղմ են նրանց նկատմամբ, որոնց սեփական աներորդու խոստովանությամբ իշխանությունը բացահայտել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ և հետևաբար նրանց դիտարկում է գրեթե անձեռնմխելի, ապա հիմնական մամլիչն ուղղվելու և ուղղվում է նրանց դեմ, որոնք քաղաքական իրական և անկաշառ այլընտրանք են ներկայացնում իշխանության համար:
Դա, անշուշտ, բացի ստորություն լի ելուց` նաև հիմարություն է` հենց իշխանության սեփական շահերի տեսանկյունից ելնելով: Բայց դա այլ` երկար թեմա է: Փաստ է արդեն սակայն այն, որ Փաշինյանի խմբակն այլևս վերածվել է ռեժիմի, որն այլևս բռնում է քաղաքական իսկական ընդդիմությանն ու իսկական ընդդիմադիր անհատներին ճզմելու ուղի: Դա, սակայն, նրան կարող է հաջողվել կարճ ժամանակ միայն: Հեռանկարում ապազգային նեոլևոնիստական այս խմբակը դատապարտված է քաղաքական զրոյացման: Եվ ոչ միայն զրոյացման:
Պատմության և քաղաքականության բնույթի ուղիները որոշակի կանոններ ունեն, որոնք գրեթե երբևէ կյանքը չի խախտում: Եվ համաձայն այդ կանոնների` խաբեբա և թույլ պսևդոհեղափոխական խմբակներն աղբանոցում են արագ ավարտում իրենց ուղին: Եվ աղբանոցի այդ ուղին անցնում է այլախոհներին ճնշելու ու լռեցնելու փորձերի մացառուտներով:
Բայց այն միևնույն է` ավարտվում է ճահճում, ուր աղբաջրերն են հոսում:
Բարի ճանապարհ դեպի աղբանոց:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։