Անհեթեթ ու ոչինչի մասին գործ է. Վանեցյանն ասաց, թե ինչու են իրեն հրավիրել ԱԱԾ (տեսանյութ)
ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրեն ԱԱԾ են հրավիրել անհեթեթ գործի շրջանակներում։
Նա լրագրողների հետ զրույցում նկատում է, որ նյութերի նախապատրաստման շրջանակներում եկել է բացատրություն տալու համար:
«Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց: Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հօդս է ցնդելու»,-ասաց նա:
Վանեցյանն ասաց, որ 2018-ին վերականգնել է աշխատանքի ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկին, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու:
«Երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել», ասաց Վանեցյանը։