«Փաստ». Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տեւական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել եւ դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկվում է դա անել՝ բազայի հետ կապված բավականին մեծ թվով բացասական տեղեկություններ շրջանառելու միջոցով:
Մասնավորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիվներ» պետք է հրապարակվեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացվեն, որ «ռուս զինվորները բավականին վատ վարք են դրսեւորում», կամ, ասենք, «Գյումրու հայ բնակչության նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահվածք» եւ այլն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիվացնում են թեման։
Սակայն, մեր տեղեկություններով, նույն իշխանությունների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դեմ են նման տրամադրությունների տարածմանը եւ հիշյալ գաղափարին մասնավորաբար»: