Հարաբերականորեն կայուն թվերը հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է. Արսեն Թորոսյան
Կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է. լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Այս մասին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են՝ մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով, մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում»,- ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ:
Նա հավելեց նաև, որ այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է.
«Դիմակների կրումը արդյունավետ է: Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիմակը իջեցնենք, քիթը բացենք, մենք չենք հանում մեր շորերը եւ մերկ ման չենք գալիս փողոցում», -ասաց Թորոսյանը: