Լրատվամիջոցների ազատ խոսքը խոչընդոտելու անհիմն փորձ․ ոստիկանները ArmNews-ում են (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:
Ոստիկանները պատճառաբանել են, թե հաղորդավարներից մեկը եթեր է դուրս եկել առանց դիմակի։ Մինչդեռ հաղորդավարն այդ պահին հեռու է գտնվել իր գործընկերներից, ասել է թե՝ պահպանել է սոցիալական հեռավորություն։ Սամվել Ֆարմանյանը ոստիկանների այցը մեկնաբանում է յուրովի։
«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու ArmNews-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքը խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը:
Նա նկատում է, որ սա իրենք դիտարկում են որպես Armnews հեռուստաընկերության և լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց, որը ստանալու է համարժեք պատասխան. «Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:
Մնարամասները՝ տեսանյութում