«Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին
«Հրապարակ» թերթը գրում է․
«Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։
«Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»:
Ասում են` ձեզ մոտ է կորել։
«Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»:
Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։
«Ոչ, փաստն ենք արձանագրում»: Իսկ ո՞վ է պատասխանատուն։ «Նախարարությունը»: Ի՞նչ է լինելու: «Չեմ կարող ասել»:
Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։
«Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»:
Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»:
«Հարազատները գնում, ապակու հետեւից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»:
Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։
«Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»»: