Կա դիմակների պրոֆիցիտ՝ ավելցուկ․ Փաշինյանը կոչ է անում կրել միայն գործարանային արտադրության դիմակներ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմակների հետ կապված կառավարության ուղերձը փոխվել է։ Եթե նախկինում ասել են, որ կարող են կրել նաև ոչ գործարանային արտադրության դիմակներ, ապա այսօր կոչ են անում կրել միայն գործարանային արտադրության դիմակներ։
Փաշինայնն առավոտյան միջազգային լրատվությանն է հետևել և հասկացել՝ աշխարհը փոխում է դիմակների հետ կապված իր ուղերձը։
«Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո, ընդունում է, որ դիմակները լինեն պարտադիր և կրվեն»,-կառավարության նիսռում ասաց Փաշինյանը։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան էլ նշեց, որ իրեն մտահոգող նոր խնդիր կա՝ կապված դիմակների հետ։ Մի քանի ամիս առաջ թանկ գնով ներկրված դիմակները այսօր իրացման խնդիր ունեն։ Նրա խոսքով, եթե նախկինում կար դիմակների դիֆիցիտ, ապա այժմ հակառակ պատկերն է՝ դիմակների պրոֆիցիտ, այսինքն ավելի շատ դիմակ կա, քան վաճառվում է։
«Եթե չթույլատրվի դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թույլատրվի՝ գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը»,-ասաց Գեղամ Գևորգյանը։
Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրեն։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։ Այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում ու մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, թեև մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են»,-ասաց Փաշինյանը։