Նայի՝ ամեն ինչը քո վրա շուռ չտանք. Շենգավիթի թաղապետն ու տեղակալը դեպքից հետո սպառնացել են աշխատակցին. News.am
Շենգավիթի թաղապետարանում հունիսի 15–ին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործի հարուցումից հետո վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը դարձյալ սկսել են ճնշումներ գործադրել իրենց դեմ հաղորդում ներկայացրած Գևորգ Պողոսյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց միջադեպի գործով տուժող, թաղապետի, նրա տեղակալի և օգնականի կողմից ենթադրյալ բռնության ենթարկված Գևորգ Պողոսյանը։ Միջադեպից հետո թաղապետարանում տիրող մթնոլորտի, իր նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ NEWS.am–ը մի քանի հարց է ուղղել Պողոսյանին։
Դեպքի կապակցությամբ արդեն հարցաքննվե՞լ եք, ի՞նչ եք հայտնել իրավապահներին։
Այո, հարցաքննվել եմ և պնդել եմ իմ տված ցուցմունքը, նկարագրել եմ դեպքը այնպես, ինչպես եղել է։ Թաղապետի, նրա տեղակալի և օգնականի հետ առերեսում չի եղել. իրենք «չոր ատկազ են կանգնում», ասում են՝ չենք էլ կպել, երևի փչել են, ես էլ ընկել եմ թևս վնասել եմ։ Դե մուրճն ու փայտն իրենց ձեռքն է, բնականաբար այդպես պետք է ներկայացնեն։
Դեպքից հետո փորձե՞լ են ձեզ հորդորել, որպեսզի հրաժարվեք ձեր բողոքից կամ մեղմացնեք ձեր ցուցմունքը։
Ի՞նչ հորդորել, տեղակալն ինձ սպառնաց, ասաց՝ նայի, որ էս ամեն ինչը քո վրա շուռ չտանք, այդ մակարդակն է, ես հետ չեմ կանգնելու, եթե մարդիկ լկտիաբար կանգնում՝ հերքում են իմ հանդեպ կատարվածը, ասում են հերյուրանք եմ տարածում, ինչու՞ պետք է հետ կանգնեմ։ Եղել է նաև դեպք, որ միջնորդի միջոցով փորձել են, իբր հաշտեցնել, սակայն ես հրաժարվել եմ։