124 քննիչ կցված է միայն Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն. ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ. Զոհրաբյան
«Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել իմ այն համոզմունքը, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ»: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա վստահեցնում է՝ ԲՀԿ առաջնորդի դեպքում չկա որևէ փաստ, որ նա գումար է տվել և ասել՝ կգնաք, կքվեարկեք։
«Ի դեպ, 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը։ Կրկնում եմ, Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել՝ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործչի և կուսակցության հանդեպ։ Քայլում եմ՝ ԱԱԾ-ն ինձ ուղեկցում է, մտնում եմ գեղեցկության սրահ, ինձ հետ են։ Այն օրը խանութում կանացի պարագա էի գնում, ուզում էի շուռ գալ և ասել՝ հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ, բայց ես հումորս ու լավատեսությունս չեմ կորցնում անգամ այս դեպքում»,- նշեց Նարիա Զոհրաբյանը։
Նա նշեց, թե իր ու ԲՀԿ-ի հարյուրավոր համակիրների, կողմնակիցների շարունակում են հրավիրել տարբեր քննչական, հետախուական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը:
«Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին՝ հայտնի ռեժիսորի: Նա օրերս ուղիղ եթերով տեսել է, որ ինձ ԱԱԾ-ի դիմաց պառկեցրել են ասֆալտին, որպես ընկեր մոտեցել է: Իրեն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք՝ Երևանի ավագանու ընտրության ժամանակ նա ասե՞լ է՝ պլակատ բռնեք: Նկատի են ունեցել՝ հայտնի մտավորականին գումար ենք տվել, որ պլակատ բռնի:
ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ, իմ իմ գործընկերների, հարազատներ հետ ապրում է»,-ասաց Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով իր վրա այդքան ռեսուրս չծախսել:
«Ընկած մարդիկ են ման գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017-ի ընտրությունների ժամանակ մեզանից ինչ-որ մեկը ինչ-որ կերպ շահագրգռել է ՀՀ որևէ քաղաքացու՝ ընտրակաշառքով»,-ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ եթե ԱԱԾ-ն կգտնի որևէ անձի, որը փաստարկված հայտարարություն կանի, որ Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել, կամ խոստացել է և ասել՝ ձայն բերի իրեն կամ իր կուսակցությանը, պատրաստ է ընդունել, որ ԱԱԾ-ն ճիշտ էր, ինքը՝ սխալ:
«Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար՝ գումարի դիմաց»,-ասաց պատգամավորը: