Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ հիմնավոր կասկածի բացակայությունը դատարանից հաստատված համարելու համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։
Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,- գրել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին: