«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»․ Վլադիմիր Կոստանյանը սգում է Գևոյի մահը
Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան, հումորի վարպետ Գևորգ Դոդոզյանը, ով հայտնի է Գևո անունով։ Այս մասին լուրը NEWSPRESS․am-ի հետ զրույցում հաստատեց նրա մտերիմներից՝ հայտնի հումորիստ դերասան Վլադիմիր Կոստանյանը՝ Վովան։
Նա հուզված էր և շատ բան չկարողացավ խոսել, միայն տեղեկացրեց, որ Գևոն մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Հանկարծ ոչ ոք չմտածի, որ նա կորոնավիրուսից է մահացել, միակ պատճառը սրտի խնդիրն է»,-տեղեկացրեց Վլադիմիր Կոստանյանը։
Նա հիշեց, ինչպես էին Գևոյի հետ խաղում միևնույն սիթքոմներում ու որքան մտերիմ էին իրենք՝ խաղից դուրս։
«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»,-ժպտալով հիշեց Վլադիմիր Կոստանյանը՝ հավելելով, որ շատ հիշողություններ ունի Գևոյի հետ կապված, բայց այս պահին հուզված է շատ ու ոչինչ չի հիշում։
«Գիտեք, երբ երկուսով մի տեղ էինք գնում՝ մեզ ասում էին ուտող-խմողներն եկան՝ Գևոն խմում էր, ես զակուսկի էի անում»,-արտասուքի միջից ծիծաղելով ասաց Վլադիմիր Կոստանյանն ու այլևս չկարողացավ զսպել արցունքները։
«Կներեք, հուզված եմ շատ․․․»,-ացունքների միջից ասաց հումորիստը․․․
NEWSPRESS.am-ը իր ցավկացությունն է հայտնում Գևորգ Դոդոզյանի հարազատներին ու ընկերներին։