Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում արդեն իսկ գրել է դիմում–միջնորդագիր, ըստ որի` Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ուղղված 2 դիմումներից հրաժարվում են։ ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը հայտնեց, թե Քոչարյանի գործն այնպիսի շահարկումների առարկա է դարձել, որ ԼՀԿ–ական պատգամավորները միչև անգամ խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց դրա դեմ գործողություն չեն կատարում։
«Մեր դիմումը հանուն իրավական պետության է արվել, և դա այն հիմնավորումն է, որն ուներ Քոչարյանն ինքը։ Անընդունելի է ցանկացած ձևով Քոչարյանի գործը շահարկել ու դա հիմք ընդունել անգործության համար։ Եթե ԼՀԿ–ն իսկապես, ինչպես նշել էր, հավատում է իրավական պետության սկզբունքին և պարզապես զգուշավորություն է ցուցաբերում ՍԴ չդիմելով` այժմ չկան շահարկումներ։ Դե տեսնենք` ինչ են անելու»,–ասաց Վարդևանյանը` հավելելով, որ իրենք ստիպված են նման քայլի գնում։
Նրա խոսքով` ՍԴ–ից իրենց դիմումը հետ վերցնելով` Քոչարյանի մասով գործընթացը դադարում է։