Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ` ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ․ Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը՝ քննադատությունների համար, քանի որ , ըստ Մակունցի, այդ քննադատություններն իրենց օգնում են։ Միևնույն ժամանակ նա նաև որոշ դիտարկումներ արեց այդ առումով։ Մասնավորապես անդրադառնալով ընդդիմության բոյկոտներին, Մակունցը նշեց, որ դա իրենց այնքան էլ հետաքրքիր չէ։
«Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ` ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ: Ընդդիմության իրավունքն է բոյկոտել, ընդդիմության իրավունքն է մասնակից լինել խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին, քվեարկություններին, կամ ոչ»,- նշեց նա:
Մակունցը ենթադրում է՝ ԲՀԿ-ն բոյկոտում է, որովհետև համաձայն չէ կամ դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ, կամ էլ իր բոյկոտով փորձում է «պատժել» քաղաքական մեծամասնությանը` իրավական մարմիններին լիարժեք հնարավորություն տալու համար լիարժեք կերպով քննել գործը՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու։
Անդրադառնալով ընդդիմախոսների այն հայտարարություններին, որ իրենց փորձում են լռեցնել, Մակունցը նկատեց, որ եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելն են համարում ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ազնիվ չեն իրենց ձևակերպումներում։
«Խոսում եք` տոտալ խախտումների միջոցով քաղաքական մեծամասնությունը ինչ-որ որոշումներ է ընդունում: 2018 թվականի դեկտեմբերին այնպես է ստացվել, որ քաղաքական մեծամասնությունը կազմել է սահմանդրական մեծամասնություն՝ ունենալով 88 ձայն խորհրդարանում, և դա լիարժեք հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պատգամավորի, իր խղճին, համատամքին հետևելով, կայացնել որոշումներ, հաճելի է, թե ոչ ընդդիմությանը, դա է իրականությունը: Մենք առաջնորդվում ենք բացառապես օրենքով և մեր լիազորությունների շրջանակում»,- հայտարարեց նա:
Մակունցը նաև համաձայն չէ, որ ընդդիմությանը ճնշում կամ բռնության են ենթարկում։
«Դուք կոնֆլիկտի կողմ եք և ոչ թե զոհ, և դա ցույց են տալիս բոլոր տեսախցիկները, ամիսներ շարունակ ձեր վարքագիծն է դա»,-ասաց Մակունցը։
Խոսելով նաև ընդդիմադիր թերթերին լռեցնելու հետ կապված դիտարկումներից, Լիլիթ Մակունցը ասաց․
«Խնդրում եմ, մամուլ կարդացեք և տեսեք՝ քանի տոկոսն է այնտեղ, որ քաղաքական մեծամասնությանը գովերգում է, և քանի տոկոսն է, որ քննադատում է, ընդ որում, քննադատում ոչ այնքան փաստերի հիման վրա, այլ ինչ-որ հորինվածքների հիման վրա, այդ թվում` անձնական դաշտ տեղափոխվելով: Խոսում եք քաղաքական ճգնաժամի վերաբերյալ. ՀՀ-ում գոյություն չունի այլ ճգնաժամ, դժվարություն, քան դժվարություններ՝ պայմանավորված համավարակով, որևէ այլ ճգնաժամ ՀՀ-ում գոյություն չունի»,-եզրափակեց նա: